Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին չկան հաստատված տվյալներ. ՄԻՊ թեկնածու

14:47, 4 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանն արձանագրում է միջազգային կառույցների զեկույցները՝ իրավիճակային գնահատականներն այս փուլում արձանագրում են, որ  Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին հաստատված տվյալներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին ի պատասխան:

Դավոյանը նկատեց՝ ընդդիմադիր տարբեր գործիչներ ասում են, որ Հայաստանում ընդդիմությունը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների դեմ: Նա այս առնչությամբ հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածուի կարծիքով:

Մանասյանը պատասխանեց, որ անձի կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելը և որևէ ոչ իրավաչափ արարքի համար պատասխանատվության ենթարկելն ինքնին չի հանդիսանում անձին քաղբանտարկյալ համարելու հիմք: «Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ անձը զբաղվում է քաղաքական գործունեությամբ և հանկարծ որևէ արարքի համար ենթարկվեց պատասխանատվության, դեռևս չի ենթադրում, որ անձը քաղբանտարկյալ է»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:

Նա ընդգծեց, որ ամեն իրավիճակ շատ անհատական է, այսինքն՝ պետք է գործի հանգամանքները լուրջ ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է այդ չափանիշների համատեքստում դիտարկվել քաղբանտարկյալ, թե ոչ:

«Ես պարզապես կարող եմ այս պահի համար արձանագրել այն միջազգային կառույցների զեկույցները, որոնք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույց և իրավիճակային գնահատականներ են ներկայացնում: Այս փուլի համար դրանք արձանագրում են, որ չկան հաստատված տվյալներ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին»,-ասաց Մանասյանը:

Նա ընդգծեց, սակայն, որ լրջագույնս պետք է մտածել այն ուղղությամբ, որ որևէ կերպ ընդհանուր հավասարության վիճակը չխախտվի: Այսինքն՝ պետությունում չլինի մի իրավիճակ, երբ անձը, թեկուզ շատ օրինական հիմքերով, ենթարկվում է պատասխանատվության՝ լինելով մի քաղաքական հայացքի կրող, բայց նույն հավասար հանգամանքներով այլ քաղաքական հայացքի կրողը չի ենթարկվում պատասխանատվության: «Մեր բոլորի խնդիրն իրականում պետք է լինի այն, որ կարողանանք ուղղակի բացառել նման իրավիճակները»,-նշեց Մանասյանը:


© 2009 ARMENPRESS.am