ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը

13:27, 31 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հասնել մինչև հուլիս, երբ Վիլնյուսում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով POLITICO թերթում հրապարակված հարցազրույցը:

«Իմ նպատակը նախկինի նման այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո (խմբ.՝ մայիսին), բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք վավերացնել նաև Շվեդիայի անդամակցությունը», - ասել է նա։

Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի: POLITICO-ն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը շատ տարիների ընթացքում առաջին անգամ սպառնալիքի տակ է հայտնվել:

Ստոլտենբերգը շեշտել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Թուրքիան:

Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները բարդացել են Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպի պատճառով:

Ըստ Ստոլտենբերգի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության բնակչության 96%-ը կապրի ՆԱՏՕ-ի երկրներում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր ասամբլեայում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության հաստատման մասին օրենքի նախագիծը:

Օրինագծին կողմ են քվեարկել նիստի բոլոր 276 մասնակիցները։ Ֆինլանդիան, այսպիսով, ստացել Է օրինական հիմքեր դաշինքին լիիրավ անդամակցելու համար։

Թուրքիան ՆԱՏՕ-ի մասնակիցներից վերջինն էր, որ հավանություն չԷր տվել դաշինքին անդամակցության մասին Հելսինկիի հայտին: Հունգարիան ձգձգում Էր այդ գործընթացը, բայց  համապատասխան օրինագծին հավանություն Է տվել մարտի 27-ին։ Այժմ կազմակերպության բոլոր անդամները հաստատել են Ֆինլանդիայի թեկնածությունը:


© 2009 ARMENPRESS.am