Ադրբեջանցի զինծառայողները կրակել են դաշտավայրում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ

16:02, 30 Մարտ, 2023
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանն Արցախում հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։ 

Դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել բնակչի ուղղությամբ։ 
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուս խաղաղապահներին։

© 2009 ARMENPRESS.am