Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

15:45, 30 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2019 թվականին Հայաստանի և Չեխիայի միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված էր Հայաստանի կառավարության՝ մարտի 30-ի նիստի օրակարգում։

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:

Համաձայնագիրը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համաձայնագրի համապատասխանությունը որոշելու նպատակով։

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, այն  կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանն ու վավերացմանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am