Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև

15:21, 1 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը այցով ժամանել է Կիև, նա Twitter սոցցանցի իր էջում լուսանկարներ է զետեղել երկաթուղային կայարանի կառամատույցից։ «Գրեթե մեկ տարվա պատերազմից հետո Ուկրաինան մոռացված չԷ:

Նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք հանդես ենք գալիս եվրոպական արժեքների օգտին», - գրել է Ավստրիայի նախագահը լուսանկարներին կից գրառման մեջ: Այնուհետև Ալեքսանդր վան դեր Բելենը լուսանկար է հրապարակել Բուչայից՝ գրելով, որ սգում է սարսափելի պատերազմում կործանված յուրաքանչյուր կյանքի համար: Հունվարի 31-ին Բրատիսլավա կատարած այցի ընթացքում 79-ամյա վան դեր Բելենը հայտարարել էր, որ Ռուսաստանը «գաղութային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ», և որ արևմտյան երկրները «պարտավոր են օգնել» Կիևին։

Նրա հայտարարությունը մեջբերել Է ավստրիական ORF հեռուստաալիքը: Վիեննայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին արձագանքել է «գաղութային պատերազմի» մասին Ավստրիայի նախագահի խոսքերին՝ նշելով, որ նման հայտարարությունն «է՛լ ավելի է ընդլայնում Ուկրաինայի վերջին տասնամյակի իրադարձությունների շուրջ արևմտյան առասպելաբանության սահմանները»։ Լյուբինսկին հավելել է, որ այսպիսով առկա Է «հասկացությունների և պատճառահետևանքային կապերի արմատական ​​փոխարինման հերթական փաստ»։


© 2009 ARMENPRESS.am