Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում. Արցախի ԱԱԾ

09:59, 25 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշված է հաղորդագրության մեջ:

327392192_624857812974386_4848654213439027632_n.jpg (49 KB) 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am