Նոր Զելանդիայի վարչապետը որոշել է թողնել պաշտոնը

11:29, 19 Հունվար, 2023

 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այսօր առավոտյան հայտարարել է, որ հրաժարական է տալու։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Կարծում եմ, որ երկիրը ղեկավարելն ամենաարտոնյալ աշխատանքն է, որը երբևէ որևէ մեկը կարող է ստանալ, բայց նաև ամենադժվարներից մեկը: Դուք չեք կարող և չպետք է կատարեք այս աշխատանքը, եթե չունեք վառելիքի լիքը բաք, գումարած մի փոքր պաշար այն չպլանավորված և անսպասելի առաջադրանքների համար, որոնք անխուսափելիորեն առաջանում են: Այս ամառ խորհրդածելով դրա շուրջ՝ ես գիտեմ, որ բաքի մեջ այլևս չունեմ այն լրացուցիչ պաշարը, որպեսզի աշխատանքը կատարեմ պատշաճ ձևով», - նրա հայտարարությունը մեջբերում են տեղական լրատվամիջոցները:

42-ամյա քաղաքական գործիչը հայտնել է, որ պաշտոնաթողությունից հետո իր ժամանակը կնվիրի 4-ամյա դստերը՝ Նիվին, և նշանածին՝ Քլարկ Գեյֆորդին:

Ինչպես հաղորդում Է Bloomberg-ը, Լեյբորիստական կուսակցությունը նոր առաջնորդի օգտին կքվեարկի հունվարի 22-ին։ Հաղթողին անհրաժեշտ կլինի հավաքել ձայների առնվազն երկու երրորդը։ Արդերնի խոսքով՝ ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի փետրվարի 7-ից ոչ ուշ: Նա նաև հայտարարել Է, որ երկրում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին։


© 2009 ARMENPRESS.am