Տիեզերքում հայկական արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանն այս տարի պատրաստ կլինեն գործարկման

09:51, 18 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերք ուղարկված Հայաստանի արբանյակով արված լուսանկարները կարող են կիրառվել գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում, նաև գիտական նպատակներով: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: 

TAT_3681.JPG (264 KB)

«Արբանյակի բոլոր ենթահամակարգերն ու սարքերն, այդ թվում՝ օպտիկական և կապի, առանձին-առանձին հաջողությամբ թեստավորվել են, արդյունքները դրական են: Թեստավորման գործընթացները տեղի են ունենում ըստ նախատեսված ժամանակացույցի»,- նշեց նախարարը։

Արբանյակի՝ ուղեծրում օգտագործման երաշխավորված ժամանակը նվազագույնը 4 տարի է: Արբանյակի փաստացի աշխատանքի ժամկետը կարող է գերազանցել երաշխիքային ժամանակահատվածը:Աշխատանքներն իրականացվելու են «Գեոկոսմոս» ընկերության աշխատակիցների կողմից, որոնք համապատասխան վերապատրաստում կանցնեն:

«ARMSAT-1 արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանն այս տարի պատրաստ կլինեն  գործարկման: Կառավարման կենտրոնը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով»,- նշեց Խաչատրյանը։

TAT_3653.JPG (267 KB)

ARMSAT-1-ը ՀՀ առաջին տիեզերական արբանյակն է, որը 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից, Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել։

Մայիսի 26-ին ARMSAT-1-ն առաջին անգամ կապ է հաստատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։

Կարինե Տերտերյան 

 


© 2009 ARMENPRESS.am