Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար. ՀՀ նախագահ  

22:37, 16 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այլ բանակցությունների միջոցով է փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ Հայաստանը հիմա ՌԴ կողմի նկատմամբ պահանջ ունի: Ադրբեջանի նկատմամբ ևս ունի, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում հենց այդ ժամանակից սկսեցին իրենց աշխատանքը: Նրանք պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ուղիղ կապը: 90 կմ է այդ կապը, և այդտեղ երկու պատասխանատու կա՝ ռուսական խաղաղապահները, որոնք պետք է անվտանգություն ապահովեն, և Ադրբեջանը, որը պետք է խոչընդոտներ չստեղծի: Տվյալ դեպքում Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում՝ արհեստական խոչընդոտ է ստեղծել, և դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է Լաչինի միջանցքը»,-շեշտել է Խաչատուրյանը:

Նա հիշեցրել է, որ միջանցքով ամեն օր 300-ից 400 մեքենա է անցել՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության համար ապահովելով կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ, իսկ շրջափակումից հետո ընդամենը 400 մեքենա է այդ միջանցքով անցել՝ հումանիտար նպատակով:

«Այսօր այնտեղ կարևոր սննդամթերքը կտրոններով է տրվում. ուղղակի խանութներում վաճառելու բան չկա: Պետությունն իր ռեզերվներից է տալիս: Շատ դպրոցներ, մանկապարտեզներ պարզապես փակ են, քսան օր առաջ հոսանքն անջատվեց. հոսանքի մատակարարումը Հայաստանից է իրականացվում: Այդտեղ վթար է եղել, չեն թողնում, որ վերականգնվի»,- իրավիճակը ներկայացրել է նա:

Նախագահի խոսքով՝ մինչ միջանցքի փակումը ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները հստակ կատարել են. մի քանի դեպք է եղել երկու տարվա ընթացքում, որոնք արագ լուծվել են: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի ադրբեջանցիները գազն են անջատել, բայց խաղաղապահների միջնորդությամբ արագ վերականգնվել է մատակարարումը:

«Մինչ դեկտեմբերի 12-ը միջանցքը հստակ աշխատում էր, իսկ հիմա, ես հասկանում եմ, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել, նրանք բանակցությունների միջոցով են փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ մենք հիմա նրանց նկատմամբ պահանջ ունենք: Ադրբեջանի նկատմամբ ևս ունենք, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց մենք հույս ունենք, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել»,- նշել է նա ու տեղեկացրել, որ երկու օր անց Եվրախորհրդարանում քննարկում կլինի միջանցքի վերաբերյալ:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է:


© 2009 ARMENPRESS.am