ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ևս մեկ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի օմբուդսմենի հետ

21:23, 11 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան  Անկարայում կրկին կհանդիպի Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Տատյանա Մոսկալկովան:

«Այո, մենք դեռևս ունենք մի շարք հարցեր, որոնք պահանջում են քննարկում և հստակեցում կոնկրետ դեպքերի և ցուցակների վերաբերյալ», - ասել է Մոսկալկովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեռևս նախատեսված է հանդիպում Լյուբինեցի հետ Անկարայում:

Բացի այդ, ըստ ՌԴ օմբուդսմենի, դեռևս հնարավոր է հանդիպում՝ Թուրքիայի օմբուդսմենի հետ փոխգործակցության աշխատանքների հետ կապված ։ «Դրանք կրթության և միգրացիայի խնդիրներն են»,- հավելել է Մոսկալկովան։

Անկարայում Մոսկալկովան մասնակցում է «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» միջազգային համաժողովին, որտեղ կայացել է նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենների եռակողմ հանդիպումը։


© 2009 ARMENPRESS.am