HALO Trust-ը Լաչինի միջանցքում իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել

11:39, 6 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունը, որը հրապարակվել է ԼՂ-ում իրենց առաքելության սոցիալական էջերում։

«Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», - նշված է առաքելության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։

HALO-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել՝ նաև օգնության պատրաստակամություն հայտնելով։

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։

Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու՝ աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։


© 2009 ARMENPRESS.am