Ռուսաստանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում

21:23, 3 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոհենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է իր իսրայելացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել՝ ի նպաստ Ռուսաստանի և Իսրայելի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման։

ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցության ներուժի ամրապնդման կարևորությունը։

Նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Սիրիայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով կարգավորելու օգտին՝ հարգելով նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:


© 2009 ARMENPRESS.am