Գեղարքունիքում տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 99,1 տոկոսով
13:37, 29 Դեկտեմբեր, 2022ԳԱՎԱՌ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2022 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ հավաքագրվել են 99,1 տոկոսով։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից, պլանավորված 2 միլիարդ 514 միլիոն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 միլիարդ 481 միլիոն 22 հազար դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ընդամենը 0,1 տոկոսի չափով նվազում։
Մարտունի համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 108,3, Ճամբարակ համայնքը՝ 104, Սեւան համայնքը՝ 98,5, Գավառ համայնքը՝ 93, Վարդենիս համայնքը՝ 91 տոկոսով։
Մարզխորհրդի տարեվերջյան նիստում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրահանգել է համայնքների եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ տարին փակել 100 տոկոսանոց արդյունքով։
«Սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներից է կախված պետական բոլոր ծրագրերի իրականացման հավանականությունը։ Եվ այդ ծրագրերը կիրականացվեն ճիշտ այն ծավալներով, ինչ ծավալներով որ հավաքագրված կլինեն սեփական եկամուտները։ Բնակավայրերի վարչական ղեկավարները պետք է առավել հետեւողական աշխատանք տանեն, որպեսզի սեփական եկամուտների հավաքագրումը իրականացվի ամբողջությամբ»,-ասել է մարզպետը։
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am