2022-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքների մեկ երրորդը վերաբերել է ԵՄ հանձնարարականներին

15:12, 26 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների 30%-ը վերաբերում է Եվրամիության հանձնարարականներին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։

«Մենք ավարտում ենք Եվրամիության հանձնարարականների կատարումը: Խորհրդարանի համակարգմամբ և պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մենք կատարել ենք վիթխարի աշխատանք, վերլուծել ենք Վրաստանի և այլ երկրների օրենսդրական դաշտն ու գործելակերպը, նախաձեռնել, քննարկել և ընդունել ենք համապատախսան ուղղումները: Հատկանշական է, որ 2022 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների 30%-ը ծառայում է Եվրամիության հանձնարարականների իրականացմանը», - ասել է Պապուաշվիլին Թբիլիսիում ամենամյա «Դեսպանների խորհրդաժողով - 2022»-ի  բացմանը, որին մասնակցել են արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։ Ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակի՝ ընդունվել Է 82 նման օրենք:

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրմադրելու համար Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ին սահմանել էին 12 հանձնարարականներ, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, օլիգարխների դեմ օրենքի ընդունմանը, մարդու իրավունքների պաշտպանի ընտրության մասին օրենսդրության բարելավմանը և այլ ասպեկտների։ Վրաստանի խորհրդարանը, մասնավորապես, հաստատել Է 2024 թվականից էլեկտրոնային քվեատուփերի անցումը, հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծումը։ Օլիգարխների դեմ օրենքը երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշվել Է ուղարկել Վենետիկի հանձնաժողով:


© 2009 ARMENPRESS.am