ՌԴ խաղաղապահ ուժերն են Լաչինի միջանցքում անխափան երթևեկությունն ապահովելու պատասխանատուն. ԱԽ քարտուղար

15:10, 22 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են Լաչինի միջանցքով անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ընդգծեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է: Եվ ՌԴ խաղաղապահ ուժերն են հանդիսանում միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: Եվ, հաշվի առնելով նոյեմբերի 9-ի տեքստի շրջանակներում 3 պետությունների վերցրած պարտավորությունները, խոսվել է նաև դրա մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարի իր պարտավորությունները, ապահովի անխափան ու անվտանգ երթևեկություն»,- ասաց Գրիգորյանը:

Իսկ թե ռուսական կողմն ինչո՞ւ չի կատարում իր պարտավորությունը՝ ԱԽ քարտուղարը հորդորեց  հարցը հղել ՌԴ որևէ կառույցի։ Դիտարկմանը, թե պետք է Հայաստանի իշխանությունը հղի՝ նա ասաց. «Մենք արդեն հղել ենք՝ և հրապարակային, և ոչ հրապարակային»։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

 

 


© 2009 ARMENPRESS.am