Ստացվող հաղորդագրություններն անհանգստացնող են, մեծաթիվ մարդիկ հայտնվել են փակուղում. Նիդերլանդների վարչապետը՝ Լաչինի միջանցքի մասին

15:09, 14 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն երկրի խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Ֆան դե Գրաաֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ դեպի Լեռնային Ղարաբաղի արգելափակված ճանապարհի (Լաչինի միջանցքի) վերաբերյալ հարցադրմանը՝ նշել է, որ դեկտեմբերի 14-ին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ հարցը քննարկել են Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ:

«Հարցը Եվրոպական Խորհրդի օրակարգում չէ, բայց այն արժանացել է ԵՄ ուշադրությանը։ Ակնհայտորեն, Ֆրանսիան և մյուս երկրները հաստատակամորեն հանձնառու են Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտությանը բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու հարցում։ Դա անհրաժեշտ է հետագայում նոր սրացումը կանխելու համար։ Պրահայում 44 երկրների գագաթաժողովին, որին մասնակցել են նաև Հայաստանը և Ադրբեջանը, Ֆրանսիայի նախագահի կողմից նման փորձ է արվել: ԵՄ-ն իրականացնում է այն Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ, ով բավականին ակտիվ դերակատարություն ունի այդ հարցում, և մենք աջակցում ենք ԵՄ միջնորդական ջանքերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մարկ Ռուտեն:

Վարչապետը համաձայնվել է պատգամավորի հետ, որ ստացվող հաղորդագրությունները շատ անհանգստացնող են, որովհետև մեծ թվով մարդիկ հայտնվել են փակուղում։

«Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել մեր քննարկումներում»,-ասել է նա:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:


© 2009 ARMENPRESS.am