Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

17:37, 3 Դեկտեմբեր, 2022
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:
Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

© 2009 ARMENPRESS.am