Աշխատանքային միգրանտների համար ստեղծվել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը

15:10, 30 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը, որն արդեն հասանելի է բոլոր շահառուների համար, որոնք հիմնականում աշխատանքային միգրանտներ են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։ 

«Հավելվածն արդեն հասանելի է IOS և Android համակարգերի համար: Այն ունի ավելի քան 18 ծառայություն, որից կարող են օգտվել աշխատանքային միգրանտները՝ մինչև աշխատանքի մեկնելը, աշխատանքի ժամանակ և դրանից հետո։ Այն շատ դինամիկ զարգանալու է, ունենք ճանապարհային քարտեզ, որը հաստատել է ՌԴ փոխվարչապետը»,- ասաց Սարգսյանը: 

Նրա համոզմամբ՝ հավելվածը կունենան միլիոնավոր օգտատերեր, քանի որ աշխատանքային միգրացիան եվրասիական տարածքում մասշտաբային է: Առաջիկայում նպատակ ունեն ընդլայնել այս պրոդուկտը ԱՊՀ երկրների տարածքում: 

«Հավելվածով թեթևացնում ենք միգրանտների կյանքը: Նրանք հնարավորություն կունենան հեռավար կարգով ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ մինչև տվյալ երկիր տեղափոխվելը: Հավելվածում հնարավոր կլինի ստանալ միգրանտներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Սարգսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am