Դրամի արժևորման ֆոնին ինչու չեն նվազում ներմուծված ապրանքների գները. նախարարն ու փորձագետը մատնանշում են պատճառները

10:00, 11 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արտարժույթի՝ դոլարի փոխարժեքի իջեցումը Հայաստանում ինչ-որ առումով զսպել է գնաճը, սակայն համաշխարհային շուկայում նկատվող ինֆլյացիան շատ մեծ ազդեցություն ունի Հայաստանում գնաճի վրա. թե պետական հատվածի ներկայացուցչի, թե փորձագետի գնահատմամբ՝ դա է նաև պատճառներից մեկը, որ  անգամ դրամի արժևորման պարագայում Հայաստանում ներմուծողները չեն նվազեցնում ներմուծվող ապրանքների գները, բացի այդ՝ ներմուծողների համար դեռ անորոշություններ կան:

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանի հետ:

Հայաստանի կենտրոնական բանկը տարեվերջի համար կանխատեսում է 10 տոկոս գնաճ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հոկտեմբերը 2021թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.3%: Իսկ հունվարի-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 8.7 տոկոսով:

Թե ինչո՞ւ դրամի արժևորման պայմաններում ներմուծողները դեռ չեն իջեցնում ապրանքների գները՝ Քերոբյանն ասաց. «Պետք է նշել, որ տարածաշրջանի ամենացածր գնաճը Հայաստանում է: 12-ամսյա գնաճը կազմում է մոտ 9.5 տոկոս, որը անհամեմատ ավելի ցածր է, քան մեր հարևան մյուս երկրների գնաճը: Ասել, որ դոլարի նկատմամբ դրամի 20 տոկոսանոց արժևորումը պետք է ունենար ընդամենը այդ էֆեկտը, չեմ կարող պնդել»:

Նախարարը կարծում է, որ խնդիրը գտնվում է ԿԲ-ի և Մրցակցության պետական հանձնաժողովի տիրույթում, նրանք միասին պետք է այնպես անեն, որ ճիշտ գնագոյացում ձևավորվի:

«Ազատ շուկա է: Ազատ շուկայում շատ կարևոր է, որ Մրցակցության պետական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի մեր գործընկերները հետևեն գնագոյացմանը: Եվ ըստ դրա արդեն հասկանանք, թե որտեղ կա ոչ շուկայական գնագոյացում, միգուցե որոշ դեպքերում կան ոչ շուկայական պայմանավորվածություններ»,-նշեց նա:

Նախարարը, սակայն, ընդգծեց այն հանգամանքը, որ գները բարձրանում են շատ արագ, իսկ իջնում՝ շատ դանդաղ: «Այսինքն՝ ընկերությունները, մարդիկ շատ դժկամ են իրենց ապրանքների գներն իջեցնելու հարցում: Եվ միայն ուժեղ մրցակցության և տեսանելի հորիզոնի պարագայում է դա հնարավոր: Արտաքին ինֆլյացիան շատ մեծ մասնակցություն ունի մեր ներքին ինֆլյացիայի մեջ: Այդ ամբողջը հանգեցնում է նրան, որ մենք, այնուամենայնիվ, այսօր ունենք շատ բարձր գնաճ»,-շեշտեց Քերոբյանը:

Նախարարը չի բացառում, որ ներմուծողները կարող են ներկրվող ապրանքների գները նվազեցնել, եթե դրամի արժևորումը երկարաժամկետ լինի:

Ներմուծվող ապրանքների գները չնվազեցնելու համար փորձագետ Աղաբեկյանն էլ երկակի պատճառներ է տեսնում: Պետք է հասկանալ, որ դոլարի փոխարժեքի փոփոխությունը նաև անորոշություններ է պարունակում: «Այսինքն՝ ներմուծողները, որոնք որոշակի արտարժութային գործառնություններ են իրականացնում, արտարժույթի շուկայում անորոշության պայմաններում են գործում: Եվ դրա ազդեցությունը կտրուկ չենք կարող տեսնել, իրենք այդ ռիսկերը չեն ուզում իրենց վրա վերցնել: Մյուս կողմից էլ համաշխարհային շուկայում գները չեն իջնում, ինֆլյացիոն տեմպերը դեռևս շարունակվում են՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, դրա հետ կապված լոգիստիկ խնդիրներով և այլն: Եվ այս պայմաններում միանգամից տեսնել ապրանքների գների նվազում զուտ արտարժույթի փոխարժեքի նվազմանը զուգահեռ, այնքան էլ սպասելի չէ»,-ընդգծեց նա:

Սակայն, փորձագետը նկատեց, որ արտարժույթի փոխարժեքի իջեցումը արդեն իսկ բերել է գնաճի որոշակի զսպման: ԿԲ-ն ևս հայտարարել էր, որ գնաճն ավելի բարձր կլիներ, եթե դրամը չարժևորվեր:

Փորձագետի գնահատմամբ՝ գնաճը պայմանավորված է նաև ներքին պահանջարկի աճով:

«Սննդամթերք, որոշակի ծառայություններ և այլն. դրանց մեջ է հիմնականում գնաճը տեղի ունենում: Ներքին մեծ պահանջարկի պայմաններում չեմ կարծում, որ ներմուծողները հեշտությամբ կգնան գների իջեցման: Չեմ բացառում, որ կան ապրանքատեսակներ, որոնց դեպքում իջեցնելու տեղ կար, և պատկան մարմինները պետք է դրանով զբաղվեն: Այդ ապրանքատեսակների ինքնարժեքի հաշվարկման, ներմուծման ծախսերի հաշվարկման հարցեր կան»,-ասաց փորձագետը:

Իսկ թե երկարաժամկետում հեռանկարում հնարավո՞ր է, որ ներմուծողները գնան գների նվազեցման՝ նա կարևորեց նկատի ունենալ, թե  Հայաստանում ձևավորված մեծ պահանջարկն ինչ տեմպերով է աճում, դրսի շուկաներում էլ ինչքան կտևի որոշակի ապրանքների գների աճը: «Չնայած հաջորդ տարվա համար որոշակի ռեցեսիոն սպասումներ կան առանձին զարգացած երկրներում, և այս ֆոնի վրա սպասվում է, որ գնաճի որոշակի մեղմացում է լինելու: Բայց հարցը միակողմանի չէ, միայն մեղադրել ներմուծողին և այդ խնդիրը նրա վրա դնել, ճիշտ չէ, պետք է նկատի ունենալ, որ իրենց համար կան անորոշություններ: Եթե նոր փոխարժեքի ձևավորման այս հավասարակշիռ վիճակը երկար տևի, կարծում եմ, մի կողմից ներմուծողները կգնան գների իջեցման, մյուս կողմից էլ արտահանողներն ավելի հանգիստ կլինեն»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

 


© 2009 ARMENPRESS.am