ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

13:08, 27 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով  ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵՄ պաշտպանության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի եվրոպական արտաքին գործողության ծառայությունը «Թվիթեր»-իր միկրոբոլոգում:

«Հայաստանում ԵՄ դիտորդները ուղևորվել են իրենց առաջին պարեկությունն իրականացնելու: Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ մոնիտորինգային խումբը կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ ձևավորելու վստահություն և աջակցելու սահմանային հարցերով հանձնաժողովներին»,-հայտնել են ծառայությունից:

Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի  6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել էր հայտարարություն։ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն  Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները սկսում է հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նշվել է, որ առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:


© 2009 ARMENPRESS.am