Պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար. Արցախի նախագահ

00:50, 21 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շատ ծանր էին, սակայն կարողացել են պաշտպանել  Արցախի Հանրապետությունը:

Այս մասին Արցախի նախագահն ասել է Արցախի Հանրային հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում՝  վերահաստատելով դիրքորոշումը, որ  Արցախը  չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Դե ֆակտո Արցախի Հանրապետությունն այսօր կա: Մենք շարունակում ենք ղեկավարվել մեր պետության մայր օրենքով՝ Սահմանադրությամբ, օրենքներով: Երկիրն իրավական առումով ապրում է նույն տրամաբանությամբ, իհարկե, ունենալով մարդկային ու տարածքային մեծ, ցավալի կորուստներ: Այդ պատճառով պատկերացնել  Արցախն այլ կարգավիճակում, անհնար է: Դե  ֆակտո անկախությունը չի քննարկվում: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ դե յուրե ճանաչման համար մեծ ճանապարհ ունենք անցնելու, պայքարելու՝  տարիներ, տասնամյակներ: Պայքարը պետք է շարունակել միջազգային հարթակներում՝ տարբեր բարեկամ  ու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող  երկրների հետ»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝   միջազգային խաղացողները, որոնք այսօր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում իրենց ծառայությունները մատուցել, Արցախյան խնդիրը ստորադասում են և այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում:

«Բայց դա չի խանգարում մեզ՝  իրացնելու ազգերի ինքնորոշման   ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն նորմը: Պետք է նշեմ, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միության Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի համապատասխան, և մենք դա զիջելու որևէ ցանկություն չունենք: Արցախի ազատագրական պայքարը, որն այսօր ինքնորոշման իրավունքի ձևով ենք արտահայտում, 20,30 տարվա չէ,  և մենք շատ իմաստուն պետք է լինենք այդ պայքարը վերջնակետին հասցնելու համար: Մենք պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար, և պետք է նշեմ, որ այն, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, չի ստորադասվում տարածքային ամբողջականությանը»,-հավելեց Արցախի նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Պրահայի  քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը՝  Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց   տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ,  Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան:

«Տարածքային ամբողջականության նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, և մեր պայքարը հենց այդ շրջանակներում է լինելու: Մենք որպես հայ ևս շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության կայունության , Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առումով , բայց արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել  կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին»,-ընդգծեց Արցախի նախագահը:

 


© 2009 ARMENPRESS.am