Ցեմենտի ներմուծման պետտուրքի նվազումը կնպաստի կառուցապատողների համար պակասորդի խնդրի լուծմանը. պատգամավորի պարզաբանումը

16:13, 16 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ցեմենտի ներմուծման պետական տուրքի յոթնապատիկ նվազումը կնպաստի, որ կառուցապատողների համար ներկրման շնորհիվ կարգավորվի ցեմենտի շուկայի պակասորդի խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խնդրին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն)»,- պարզաբանել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ ներկրելուց առաջ հարկավոր է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման լիցենցիա և վճարել տուրքը, և վստահեցվրել, որ նախարությունն առավելագույն կարճ ժամանակահատվածում կկազմակերպի այդ գործընթացը:

«Ցեմենտի շուկայի դեֆիցիտը, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար, այսպիսով, կկարգավորվի ներկրման շնորհիվ»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը:


© 2009 ARMENPRESS.am