«Զանգեզուր TV»-ն այսուհետ հանդես է գալու «Սյունիք հեռուստաընկերություն» ապրանքանիշով

17:05, 5 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգեզուր TV»-ն նախաձեռնել է ռեբրենդինգի գործընթաց և այսուհետ հանդես է գալու «Սյունիք հեռուստաընկերություն/Syunik.tv» ապրանքանիշով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ:

«Ձագեձոր հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն 2017 թվականից տնօրինում է Սյունիքի մարզում վերգետնյա եթերային հեռարձակման լիցենզիան (2021-ից հանրային մուլտիպլեքսում շահել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սփռման սլոթերի մրցույթում՝ լիցենզիաներ ԵՀ N 307 և ԵՀ 312 )։

2017 թվականից ընկերությունը հանդես էր գալիս «Զանգեզուր ՀԸ/ZTV» ապրանքանիշի ներքո։

Ընկերությունը տեղեկացնում է, որ նախաձեռնել է ռեբրենդինգի գործընթաց և այսուհետ հանդես է գալու «Սյունիք հեռուստաընկերություն/Syunik.tv» ապրանքանիշով։

Նշվում է, որ «Ձագեձոր հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ստեղծվել և ֆինանսավորվել է ԶՊՄԿ-ի կողմից։

Չնայած սրան` ZTV ապրանքանիշը ժամանակին գրանցվել է ԶՊՄԿ-ի հետ չառնչվող իրավաբանական անձի անվանումով և հանդիսացել է այդ ընկերության սեփականություն։ Ռեբրենդինգը պայմանավորված է նաև այս իրավաբանական խնդիրը շտկելու անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ ԵՀ N 307 և ԵՀ 312 հեռարձակման լիցենզիաների տիրապետող և նախկինում «Զանգեզուր ՀԸ/ZTV» անվան տակ հանդես եկող «Ձագեձոր հեռուստաընկերություն»- ը այսուհետ հանդես կգա Syunik TV ապրանքանիշի տակ, իսկ «Զանգեզուր հեռուստաընկերություն/ZTV» ապրանքանիշը և դրա անվան տակ հանդես եկող լրատվական հարթակներն առնչություն չունեն ԶՊՄԿ ՓԲԸ-ի հետ։


© 2009 ARMENPRESS.am