ԱՄՆ Պետդեպը կոչ է արել հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների մահապատժի ենթարկելը

21:38, 3 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելը:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից այն մասին, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիների: Մենք լիարժեք և անաչառ հետաքննություն անցկացնելու կոչ ենք անում: Յուրաքանչյուր գազանության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթերի» իր էջում գրել է Փրայսը:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ եթե տեսանյութի իսկությանը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում։


© 2009 ARMENPRESS.am