Համաշխարհային ավետարանչական դաշինքը ՄԱԿ-ում կոչ է արել հարգել Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակը

10:03, 22 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 21-ին Համաշխարհային ավետարանչական դաշինքը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակը՝ պահելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու իր բազմաթիվ խոստումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Համաշխարհային ավետարանչական դաշինքը միջազգային հանրությանը ուղղված հայտարարությամբ՝ ցանկանում է ոգեկոչել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում քրիստոնյա հայերի կոտորածի 30-ամյակը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավել էին 4000 բնակչությամբ այս փոքրիկ գյուղը, որտեղի գրեթե բոլոր բնակիչները քրիստոնյա հայեր էին։

«Ադրբեջանական զորքերի դուրս գալուց մեկ օր անց այս գյուղ ժամանեց մեր գործընկեր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (Christian Solidarity International) կազմակերպությունը և հայտնաբերեց կոտորածի հետևանքները։ Վերապրողները շոկային իրավիճակում էին. նրանց այրված տները դեռևս ծխում էին։ Քառասունհինգ խաղաղ բնակիչ սպանվել էր, ավելի քան հիսունը՝ գերեվարվել, իսկ տասնինը քաղաքացիական անձ՝ անհետացել։

Մարաղայի ջարդը ողբերգական օրինակ է, թե ինչպես են էթնիկ և կրոնական ինքնությունները շահագործվում արդի աշխարհում: Կառավարությունները և զինված խմբերը հաճախ թիրախավորում են մարդկանց՝ ելնելով նրանց էթնիկ և կրոնական պատկանելիությունից: Նման մարտավարությունը չափազանց վնասակար է մարդու հիմնարար իրավունքների համար։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Մարաղայի զոհերի հիշատակը՝ պահելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու իր բազմաթիվ խոստումները, ընդգծելով, որ էթնիկ զտումներն երբեք ընդունելի միջոց չեն քաղաքական նպատակներին հասնելու համար, և աշխատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ պահպանելով հայերի և ադրբեջանցիների իրավունքներն ու ազատությունները»,- նշված է հայտարարության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am