ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը

05:02, 13 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը: 


Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:


ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:


Ընդգծվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։


© 2009 ARMENPRESS.am