ՀՕՖ-ը և Ագրարային համալսարանը Խելացի գյուղատնտեսության զարգացման կենտրոն են ստեղծում Սիսիանում

10:39, 9 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) պայմանագիր են ստորագրել ՀԱԱՀ-ի՝ Սիսիանի մասնաճյուղում «Խելացի գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ստեղծելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՕՖ-ի տարածած հաղորդագրությունից,  կենտրոնը ծառայելու է թե՛ որպես ռեսուրս կենտրոն, թե՛ որպես շարունակական կրթության համալիր ինչպես Ագրարային համալսարանի ուսանողների, այնպես էլ տարածաշրջանի բնակիչների համար։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս ծրագիրը մեծ հավանության արժանացավ Հայ օգնության ֆոնդի կողմից, և մենք այսօր կստորագրենք առաջին դրամաշնորհային համաձայնագիրը, որն ուղղված է լինելու խելացի անասնաշենքի և հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրամասի կառուցմանը, հաջորդիվ նախատեսում ենք ստեղծել նաև ջերմատուն։ Սա շատ կարևոր ուսումնափորձարարական վայր է լինելու մեր՝ Սիսիանի մասնաճյուղի ոչ միայն բակալավրիատի, այլև գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Վստահ եմ, որ Կենտրոնը մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն բուհի կարողությունները բարձրացնելու և որակյալ կրթական միջավայր ձևավորելու առումով, այլև համայնքի զարգացման ու ագրոխորհրդատվական հնարավորությունների բարձրացման տեսանկյունից, քանի որ Կենտրոնում հետագայում իրականացվելու են հետազոտական ծառայություններ, որոնք նպաստելու են ֆերմերների եկամուտների ավելացմանը մասնավորապես և տարածաշրջանում աղքատության նվազմանը առհասարակ», - իր խոսքում նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ մաղթելով համագործակցության հաջող մեկնարկ ու նոր ծրագրերի համատեղ իրականացում։ 

Կենտրոնի առաքելությունը ոչ միայն ոլորտային մասնագետներ պատրաստելն ու վերապատրաստելն է, այլև ագրարային մասնագիտությունները երիտասարդների շրջանում առավել գրավիչ ու հեռանկարային դարձնելը, նրանց հետաքրքրվածությունն ու իրազեկվածությունը ոլորտի նկատմամբ բարձրացնելը։

«ՀՕՖ-ի ծրագրային պորտֆելում կրթությունն ու տնտեսական զարգացումը կարևորագույն ու գերակա ուղղություններից են հատկապես վերջին տարիներին։ Պետք է նշեմ, որ այս համագործակցությամբ մենք համատեղում ենք այդ երկու ոլորտները, այսինքն՝ սատարում ենք կրթական լուրջ համալիրի ձևավորմանը և տարածաշրջանում տնտեսական զարգացմանը։ Ուրախությամբ նշեմ, որ Ագրարայինն այսուհետ մեր՝ համալսարանական գործընկերների ցանկում է, և այս համագործակցությունը դրա վառ ապացույցն է, որը, վստահ եմ, շարունակական է լինելու։ Համոզված եմ, որ Կենտրոնի ձևավորումը կատարելագործման նոր հնարավորություններ կընձեռի տեղի ֆերմերներին ու գործարարներին», - շեշտել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։


© 2009 ARMENPRESS.am