Գարո Փայլանը Թուրքիային մեղադրել է 1600-ամյա Սուրբ Բարդուղիմեոս վանքը դիտավորյալ քանդելու համար

19:02, 2 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալեի շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգուն է եղել 1600 տարի, սակայն վերջին 100 տարիների ընթացքում այն ավերվել է, լքվել և այժմ դիտավորյալ քանդվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Այս օրերին Փայլանը եղել է Վանի նահանգում և ծանոթացել հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին:

«Վանքը ամբողջովին ավերված է։ Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը գտնվում է ավերված վիճակում։ Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ օգուտ կա այդ վանքի փլուզումից։ Ի՞նչ եք կարծում, Թուրքիան կշահի՞, թե՞ կկորցնի վանքի ավերումից»,- գրել է Փայլանը:

Սուրբ Բարդուղիմեոսի վանքը հիշատակվում է 13-րդ դարից: Ըստ ավանդության՝ 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա, նրա մոտ գտնվող Կաթնաղբյուրի ջրով բորոտությունից բուժվելուց հետո։


© 2009 ARMENPRESS.am