Իրաքում պարետային ժամ է հայտարարվել

19:38, 29 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը:

«Այսօր ժամը 19:00-ից (Բաղդադի ժամանակով) մինչև հաջորդ ծանուցում Իրաքի բոլոր նահանգներում տեղաշարժի ամբողջական արգելք է հայտարարվել»,- նշված է անվտանգության ուժերի հրամանում:

Ավելի վաղ, Իրաքի իշխանությունները հայտարարել էին պարետային ժամ սահմանելու մասին միայն Բաղդադում, սակայն շիա առաջնորդ Մուքտադա Աս Սադրի կողմնակիցները, որոնք մտել էին Բաղդադի պահպանվող «կանաչ գոտում» գտնվող հանրապետական պալատ, անտեսել էին իշխանությունների կարգադրությունը:


© 2009 ARMENPRESS.am