ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Ենս Ստոլտենբերգ

12:18, 29 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն պետք Է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունների ակտիվացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Անհրաժեշտ Է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում»,-նա ասել է Welt am Sonntag գերմանական թերթին: Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել Է իր գործունեությունը պաշարներով հարուստ այդ շրջանում՝ «վերստին բացելով խորհրդային ժամանակաշրջանի բազաները» եւ «այնտեղ տեղավորելով ու փորձարկելով նոր ժամանակակից այնպիսի զենք, ինչպիսիք գերձայնային հրթիռներն են»:

Նա նշել Է, որ Չինաստանը, իրեն հայտարարելով «մերձարկտիկական պետություն», նաեւ աճող հետաքրքրություն Է դրսեւորում Արկտիկայի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը նավագնացության համար Էլ ավելի կարեւոր Է դառնում կլիմայի փոփոխությունների պատճառով:

Անցած շաբաթ Ստոլտենբերգը Կանադա կատարած այցի ընթացքում հայտարարել Է. «Պեկինը եւ Մոսկվան նաեւ պայմանավորվել են ակտիվացնել պրակտիկ գործունեությունն Արկտիկայում: Դա խորացող ռազմավարական գործընկերության մի մասն Է, որ մարտահրավեր Է նետում մեր արժեքներին ու մեր շահերին»:

Նա նաեւ ընդգծել Է ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրությունն Արկտիկայի պաշտպանության նկատմամբ, հատկապես դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու լույսով:

Ինչպես անցած շաբաթ հաղորդել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգները պլանավորում Է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն ստեղծել արկտիկական տարածաշրջանում:

«Նախագահը պլանավորում Է ավելի կարեւոր դարձնել Արկտիկայի հարցերով համակարգողի դիրքը՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակելով արկտիկական տարածաշրջանում՝ Սենատի հանձնարարականներն ու համաձայնությունն ստանալու պայմանով»,-ասվում Է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն ութ արկտիկական պետություններից մեկն Է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի եւ Շվեդիայի հետ միասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am