Զինված անձը մտել  է Մասիսի քաղաքապետարան. ոստիկանները բանակցում են. ԼՐԱՑՎՈՂ

23:47, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասիսի քաղաքապետարանի շենքն այս պահին շրջափակված է ոստիկաններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ոստիկանները փորձում են բանակցել այն անձի հետ, ով նախնական տեղեկությունների համաձայն, զինված մուտք  է գործել համայնքապետարանի շենք։

Ականատեսների խոսքով՝ քաղաքապետարանի շենքի բակից պայթյունի ձայն է լսվել։ Արձակուրդում գտնվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ  տեղեկանալով  համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին՝ շտապ վերադարձել է արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ է։

«Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա»,-գրել է նա։

Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ անհայտ անձը զինված է նռնակով ու հրազենով։ 

***

23։30

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել։

«Համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել…

Ներխուժած անձը դեռևս գտնվում է համայնքապետարանի շենքում»,- գրել է նա:

***

00: 54 

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ զինված անձը վնասազերծվել է։ 

***

00։55

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։


© 2009 ARMENPRESS.am