Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

10:17, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը' լարվածությունը պահպանվում է։

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am