ԵԽ նախագահը սերտ շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

20:39, 4 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է ՀՀ վարչապետի, կխոսի նաև Ադրբեջանի նախագահի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ԵՄ-ից:

«ԵԽ նախագահ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ սերտորեն շփվում է երկու երկրների ղեկավարների հետ։ Նա խոսել է վարչապետ Փաշինյանի հետ, կխոսի նաև նախագահ Ալիևի հետ»,-ասել են ԵՄ-ից:

Նաև նշվում է, որ Շառլ Միշելի թիմն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին ինտենսիվ կապի մեջ են եղել երկու կողմերի հետ՝ երկխոսության միջոցով անհապաղ դեէսկալացման և առաջընթացի հասնելու և սեղանին դրված օրակարգային բոլոր կետերի հարցերում երկխոսության միջոցով առաջընթացի հասնելու համար:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

 


© 2009 ARMENPRESS.am