Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է. Էդմոն Մարուքյան

10:05, 4 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում իրականացրածը էթնիկ զտումներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ:  Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը:

Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին: Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ: Այլ տարբերակ չկա»,- նշել է Էդմոն Մարուքյանը:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։


© 2009 ARMENPRESS.am