STARMUS VI փառատոնի շրջանակում Հայաստան ժամանող Բրայան Մեյի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին

12:07, 30 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի հաղորդագրություն է տարածել STARMUS VI փառատոնի կազմակերպչական խումբը:

«Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ STARMUS VI փառատոնի շրջանակներում։

Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգի բացումը կանի Նեմրա խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրաելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։

Լուսանկարը՝ Getty Images

© 2009 ARMENPRESS.am