Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

10:23, 29 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել Խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը: Օրակարգի հերթական հարցով հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման ընթացքի հետ կապված՝ հստակեցնելով խորհրդի ու լիազոր մարմինների առաջիկա անելիքները:


© 2009 ARMENPRESS.am