Ես հավատում եմ մարդու բացառիկությանն ու ատում ամեն տեսակ գոլը՝ մարդուց մինչև սուրճ. Սյունե Սեւադա

17:57, 15 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից գրող Սյունե Սևադայի «Աղի թեյը» վեպի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին: Վեպը  կյանքը քանդելու ու զրոյից սկսելու, խնդիրներին  առճակատվելու և դրանք բարձրաձայնելու միջոցով լուծելու, չհանձնվելու մասին է։ Նոր վեպի և այլ թեմաների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Սյունե Սևադայի հետ:

-Սյունե, վաղը տեղի կունենա Ձեր նոր գրքի` «Աղի թեյը» վեպի շնորհանդեսը: Ինչի՞ եւ ո՞ւմ մասին է այն, եւ ե՞րբ այն կտեսնենք գրախանութներում:

-Նոր վեպը, եթե մի կողմ դնենք սյուժետային գծերը, կյանքը քանդելու ու զրոյից սկսելու, խնդիրներին  առճակատվելու և դրանք բարձրաձայնելու միջոցով լուծելու, չհանձնվելու մասին է։ Իսկ  սյուժեն առաջին դեմքով է գրված. քսանյոթ տարեկան Նենէն պատմում է վերջին մեկ տարում հետը կատարվածը՝ զուգահեռ վերլուծելով իր ու սիրելիների կյանքն ու անկեղծորեն խոսելով իրեն հանդիպած բոլոր խնդիրների մասին։ Գրախանութներում վեպը կլինի հուլիսի 20-ից հետո։

-Ո՞վ է հերոսը, ի՞նչ խնդիր ունի:

-Դժվար է ասել՝ ով է գլխավոր հերոսը։ Հիմնական գործող անձինք երեքն են՝ Նենէն, Ալեքսն ու Վանը, ես նաև չորրորդ կերպար եմ համարում Իդային՝ չնայած նա միայն հիշողությունների մեջ է։ Կարծում եմ՝ ամեն ընթերցող իր համար կառանձնացնի ինչ-որ մեկին․ ուժեղ և համառ Նենէին, ցինիկ, հեռատես ու խիստ Ալեքսին, նրբազգաց, խորը ներաշխարհով ու օրինակելի Վանին կամ գուցե Իդային՝ շատ հակասական էմոցիաներ արթնացնող կոմպոզիտոր-դաշնակահարուհուն, որի դժբախտ պատահարի հետևանքով մահն էլ հենց դարձավ կյանքը շուռ տալու ու իրականությանը բախվելու պատճառը։

-Այս գործը ոճային առումով ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

-Տարբերվում է ամենակարևորով․ ես մեծացել եմ։ Եվ եթե «Կախվածությունը» ավելի ռոմանտիկ էր, պատմվածքների մեծ մասը հարաբերությունների ու սիրո մասին էին, հիմա արդեն կենտրոնացել եմ շատ ավելի խոշոր թեմաների վրա՝ սոցիալական, միջանձնային՝ ոչ միայն սիրային, և այլն։ Որպես գրող՝ հիմա ինձ շատ հետաքրքիր է մեղքի զգացումը, մեծ կորուստներից հետո կյանքի շարունակականությունը, ցավոտ, բայց անհրաժեշտ փոփոխությունները, սիրելիների հետ խզումներն ու դրանք հարթելու ճիշտ ձևերը։ Ոճական առումով ինքս էլ տեսնում եմ ձեռագրային տարբերությունն ու նույնիսկ մտավախություն կա, որ առաջին գիրքս սիրողները, գուցե, այս մեկը չհավանեն։ Շատ ավելի կոշտ է, կան բաց տեսարաններ ու հայհոյանքներ, իհարկե, չափավոր, բայց, այնուամենայնիվ, ինձ գուցե միշտ ավելի «նուրբիկ» ձեռագրով են պատկերացրել, մինչդեռ այդպես չէ, ես ինքս այդպիսին չեմ։ Վեպի մեջ իմ անձնային հատկանիշներն ավելի լավ են երևում, և կարծում եմ՝ այս գրելաոճը հիմնական ձեռագիր կդառնա՝ չնայած վստահ չեմ: Անընդհատ նոր տեխնիկաներ եմ փորձում, իմ աճին զուգահեռ փոխվում է նաև գրելու ձեռագիրը, իսկ ես փորձում եմ անընդհատ աշխատել ինձ վրա։

-Ընթերցանության մակարդակն ինչպե՞ս կգնահատեք, կարդո՞ւմ են ժամանակակից գրականություն:

-Իհարկե, կարդում են։ Մակարդակը միշտ կարող է ավելի լավ լինել, բայց հիմա ևս չեմ դժգոհի։ Երբ էլ մտնեմ գրախանութ, միշտ այցելուներ կան։ Սոցցանցերում շատ ակտիվ են գրքերին նվիրված խմբերը, նաև հաճախ եմ տեսնում՝ ոնց են մարդիկ այս կամ այն գիրքը քննարկում։ Կուզեի նաև ունենայինք հատուկ հարթակներ, որտեղ հնարավոր կլիներ հավաքվել միասին ու գրքեր քննարկել, գրական ազատ խմբակներ, մասնագետների ազատ դասախոսություններ և այլն։ Դրանք կան, բայց քիչ են, կուզեի համատարած լիներ, որովհետև գրքերը շատ են պետք մարդկանց, գրքերը հղկում են մեզ։

-Սյունե, Դուք հասարակության մեջ ի՞նչ խնդիր եք տեսնում, ի՞նչ ասելիք ունեն Ձեր գործերը:

-Տեսածս խնդիրները շատ են, և դրանցից որոշներին անդրադարձել եմ այս վեպում։ «Աղի թեյի» մեջ կա հղում դեպի բուլլինգ,  կախվածություններ, միջանձնային անառողջ հարաբերություններ, սոցիալական ճնշումներ, խոսում եմ նաև անհատի «ես»-ի լղոզումներից ու ինքդ քեզ կորցնելուց, դրանից բխող խնդիրներից, ուրիշներին նմանվելու անիմաստ փորձերից ու անհատականություն լինելու վախերից, որովհետև երբեմն «դրսից» ճնշումը շատ է, ու դժվար է դիմանալ։ Շատ կուզեմ, որ ընթերցողը գրքի սյուժետային գիծը կարդալ-ավարտելուց հետո նաև այս կետերի մասին սկսի մտածել։  Ըստ իս, «Աղի թեյը» վեպ է, որտեղ ենթատեքստն ավելի կարևոր է սյուժեից՝ չնայած սյուժեն արագ զարգացող է, պիտի որ թեթև ընթեռնելի լինի։

-Ամենահաջողված ստեղծագործությունը, եւ ամենավաճառվածը:

-Եթե իմ գործերից նկատի ունեք, համեմատելու մեծ բան չունեմ․ «Կախվածությունը» սիրվեց, և շատ ուրախ եմ դրա համար։ Կարող եմ առանձնացնել «Տատերազմ», «Կարմիր», «Փոխանցեք իրեն» պատմվածքները, դրանց մասին ամենաշատն էին ինձ գրում։ Թե ինչպիսին կլինի «Աղի թեյը» վաճառքների մասով, հիմա դժվար է ասել։ Ուրախ կլինեմ, եթե առաջին գրքի նման սիրվի ու գտնի իր ընթերցողին։

-Երիտասարդ գրողների մեջ Ձեր անունը առավել հայտնի է, ինչպե՞ս անցաք այդ ճանապարհը:

-Հեշտ չի եղել, բայց ես բողոքողներից չեմ։  Բարդությունները համարում եմ օրինաչափ մի բան, և առանձնապես չեմ կենտրոնանում դժվարությունների, չարախոսությունների և մանր-մունր  քինախնդրության դրսևորումների վրա։  Շատ-շատ եմ սիրում աշխատանքս, ջերմ արձագանքներն այնքան շատ են լինում, որ երբեմն մոռանում էլ ես, որ սկսել ես հասարակ բլոգից ու տարիներ առաջ ունեիր միայն հինգ-վեց ընթերցող, որոնք, ի ուրախություն ինձ, մինչ օրս ինձ հետ են։ Ոչինչ առանձնապես բարդ չէ, եթե սիրելի գործով ես զբաղված։ Տանելի է, կարևորը թույլ չտաս քեզ կտրվել իրականությունից ու համառորեն աշխատես քեզ վրա։

-Ո՞ր հեղինակներն են Ձեզ համար աշխարհընկալման եւ աշխարհայացքի ձեւավորման հարցում ընկեր եղել:

-Հիմա շատ բարդ է սրան պատասխանել, որովհետև շատ կտրուկ աշխարհընկալման փոփոխություն եմ ունեցել, սկսել եմ բացարձակ այլ բաներ սիրել, կյանքն այլ ձևով եմ ընկալում ու ապրում, ինչ-որ փոփոխական փուլ է, ամեն բան նոր է ու շատ հետաքրքիր։ Ուսումնասիրողի դիրքերում եմ դեռ, և գրական ընտրությունը ևս փոփոխական է, դրա համար, գուցե, այսօրվա դիրքերից խոսեմ։ Ինքս միշտ սիրել եմ նորագույն գրականությունը՝ ավելի բացը, արագն ու շեշտակին, այդտեղից էլ սնվում էր աշխարհընկալումս։ Կարդում էի, ասենք, Չաք Փոլընիք, Իրվին Ուելշ, Սթիվեն Քինգ։ Հիմա գրական առումով ասես «նստած» լինեմ, սպասում եմ՝ նոր գրքից բխող գրական եռուզեռն ավարտվի, վերջապես գրախանութ հասնեմ ու Էլիոթի գրքերից գնեմ․ գրքիս բնաբաններից մեկն իր տողերից են։ Շեքսպիր եմ ուզում կարդալ, Ֆլոբեր, Վիրջինիա Վուլֆ, միևնույն ժամանակ՝ Կաստանեդա, Բորխես․․․գրականության պատերով եմ խփվում, այդտեղ էլ եմ փնտրտուքների մեջ։ Թվարկածս բոլոր հեղինակներին ծանոթ եմ, բայց ասես կարդացած չլինեմ, ուզում եմ նորից կարդալ, զգացողություն կա, որ հիմա, գուցե, նորի մի շերտ գտնեմ ու հաղթահարեմ ինձ համար։ Վերադառնալով հարցին՝  աշխարհայացքը փոխվում է, գուցե ամիսներ անց հարցի պատասխանն ունենամ, հիմա դեռ պետք է կողմնորոշվել ու շտապ գրախանութ գնալ։

-Ի՞նչ կարդալ արձակուրդներին, ի՞նչ ֆիլմ դիտել:

- Անձամբ ինքս հիմա նախընտրում եմ մեծ տեքստեր ու դասական ֆիլմեր։ Վերջին կարդացածս գիրքը Դոննա Տարտի «Կարմրակատարն» է․ բարդ էր, բայց հետաքրքիր, շատ հետաքրքիր գրող է։ Վերջերս հաճույքով նայեցի Roman Holiday-ը, Օդրին մոգական գեղեցկություն ունի, կոկետությունն էլ վարակիչ է։ Առհասարակ, արձակուրդներին խորհուրդ կտամ շատ կարդալ դասական գրականություն, և դիտել հին ու որակյալ ֆիլմերը․ հատկապես ամառային օրերին այլ կերպ են ընկալվում։

-Ո՞վ է Ձեր կյանքի ամենամտերիմ մարդը:

-Այս փուլում՝ ես ինքս։ Վերջապես։ Երկար տարիներ կորցրել էի ինձ ու այնքան եմ ուրախացել ինքս ինձ վերագտնելուց՝ դատարկ բառերից ու խոստումներից դուրս (դրանք շատ են եղել իմ կյանքում), շատ հստակ քայլերով ու գործողություներով իմ վերգտնելը ապացուցող իրական ու արարքներովս շոշափելի  այս փուլից, որ չեմ կշտանում առօրյայիցս, ուշադիր հետևում եմ արձագանքներիս, ինքս ինձ «ինքնաժամադրությունների» եմ տանում ու սովորում նոր անձնային կանոնադրությանս ու ցանկություններիս։

-Սիրո՞ւմ եք:

-Չգիտեմ՝ որ ենթատեքստով եք հարցնում, բայց եթե ընդհանրական վերցնենք կյանքը՝ հա, ու շատ։ Ու գնալով՝ էլ ավելի առողջ սիրով, առանց քայքայող կապվածությունների, դատարկ պահանջների, ավելի հարմոնիկ սիրով։ Սիրելը լավ գործիք է, ուղղակի պետք է ճիշտ օգտագործել։

-Եթե ստիպված լինեիք Ձեր գործերը փրկել կրակից, ո՞րը կփրկեիք:

-Այս պահին՝ «Աղի թեյը»։ Առաջին գիրքս արդեն բավականին շատ մարդիկ են կարդացել, իսկ երկրորդը՝ դեռ միայն թիմի անդամները։ Բացի դրանից, հերոսներին շատ եմ կապվել, պատմվածքների հերոսներին այդքան շատ չես կապվում, վեպում այլ է։ Ուրիշ տեսակ եմ իրենց սիրում, ու հաստատ չէի թողնի՝ այրվեն։ Դե գոնե՝ հիմա չէ։

-Հավատո՞ւմ եք ինքնատիպությանը, Ձեզ այդպիսինը համարո՞ւմ եք։

-Ես հավատում եմ մարդու բացառիկությանն ու ատում եմ ամեն տեսակ գոլը՝ մարդուց մինչև սուրճ։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր իսկական կոչումն ու ապրել շատ ազատ ու անկաշկանդ՝ այնպես, ինչպես իրեն է հարմար։ Բայց գոլ, միջին, չափավոր լինելը հեշտ է, դրա համար շատերը խուսափում են տարբերվելուց, իրենց մանրամասնորեն ուսումնասիրելուց ու հասկանալուց։ Ինչ վերաբերում է ինձ, չգիտեմ, չեմ մտածում այդ մասին։ Իմ  առջև դրել եմ խնդիր ոչ թե ինքնատիպ լինել, այլ՝ ինքնաբավ, ու անկեղծ։

-Ո՞վ է Սյունե Սեւադան:

-Ոնց հաճախ եմ ասում՝ աղջիկ, որը տանը միշտ ոտաբոբիկ է քայլում ու ուզում ամեն օրվա մեջ մարդկային-պարզ ուրախություններ ունենալ՝ ցանկալի է սիրո ու քաղցրեղենի տեսքով։

-Եթե մի բաժակ սուրճ խմելու ժամանակ ունենայիր սիրելիիդ հետ, ինչի՞ մասին կխոսեիր:

-Հավանաբար կքննարկեինք՝ ինչու նա դեռևս իմ կյանքում չկա։

Հարցազրույցը՝ Լիանա Սարգսյանի


© 2009 ARMENPRESS.am