Ֆիլմերս պատմում են սովորական մարդկանց մասին. օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը հանդիպել է երկրպագուներին

19:06, 14 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը, ով Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է, հուլիսի 14-ին հանդիպեց իր արվեստի երկրպագուների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեժիսորը նշում է, որ վայելում է փառատոնի շրջանակում իր աշխատանքն ու հաճույքով է վերածանոթանում աշխարհի ֆիլմարտադրությանը:

[gallery id= 66072]

«Ապրում ու աշխատում եմ ԱՄՆ-ում և «ռմբակոծվում» եմ ամերիկյան հեռուստատեսությամբ, տեղի ֆիլմերով: Դուք իսկապես պետք է փնտրեք լավ կինոն: Փառատոնի շրջանակում բոլոր քննարկումները շատ հետաքրքիր են, և ես զգում եմ, որ երբեմն ամենաքիչ գիտելիքներն ունեմ կնոյի մասին»,-ասում է ռեժիսորը՝ փորձելով ընդգծել իր համեստությունը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմից հետո Թերի Ջորջը կինոնկար չի նկարահանել: Ասում է՝ եթե դու սպիտակած մազերով, ծեր և թանկ ռեժիսոր ես, դա այնքան էլ լավ չէ: «Եթե հայտնի է, որ շատ բարդ, խնդրահարույց թեմաների ես անդրադառնում, դժվարանում է վաճառել գաղափարները: Այդպես եմ արդարացնում այն, որ այս տարիներին ֆիլմեր չեմ նկարահանել: Կային մի քանի նախագծեր. ուզում էի գրքերի հիման վրա գործեր ստեղծել: Կանադացի մի կնոջ մասին էի ուզում ֆիլմ նկարել, կնոջ, որն անհետացել էր Դամասկոսում և այլն, սակայն Հոլիվուդում ոչ ոք հետաքրքրված չէր նման թեմաներով»,-պատմում է ռեժիսորը:

Թերի Ջորջն այժմ աշխատում է ամերիկյան հեռուստատեսությունում, սերիալներ է նկարահանում ու շեշտում, որ այդ բնագավառում միակ գաղափարախոսությունը գումար վաստակելն է: «Հաճախ մեկ սերիայի սցենարը բաժանվում է չորս մասի, և յուրաքանչյուր մասին հաջորդում է դադար: Սերիալը պետք է ընդհատել այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե գլխավոր հերոսը որոշել է թռչել ժայռից և այլն: Այդ դեպքում հեռուստադիտողը չի փոխի ալիքն ու լարված կսպասի հաջորդ տեսարանին՝ դիտելով գովազդները»,-մանրամասնում է ռեժիսորը, որը մինչ ականավոր ռեժիսոր դառնալը  լրագրությամբ է զբաղվել, հետո սկսել է սցենարներ գրել:

Նա բազմաթիվ սցենարներ է գրել, աշխատել է տարբեր ռեժիսորների հետ, սակայն նախընտրում է և՛ սցենարը հեղինակել, և՛ լինել ֆիլմի ռեժիսորը:  Կարծում է՝ այդ գործընթացը նման է թղթե տնակի: «Երբ ռեժիսոր ես, տնակից խաղաքարտերը պետք է հանես և չի բացառվում, որ թերանաս, իսկ եթե նաև սցենարի հեղինակն ես, կարող ես խաղաքարտերն այնպես հանել, որ տունը չփլվի»,-նշում է Թերի Ջորջը, որը սիրում է ֆիլմերով պատմություններ պատմել:

Ասում է, որ իր կինոնկարները սովորական մարդկանց մասին են, որոնք աղետալի իրավիճակներում են հայտնվում: Նա ներկայացնում է, թե ծայրահեղ վատ իրավիճակներում ինչպես են մարդիկ գործում, ինչպես են կարողանում գոյատևել, ինչպես են արտահայտում իրենց մարդկայնությունը, կամքի ուժը:

«Ֆիլմերիս բոլոր կերպարներն իսկապես սովորական մարդիկ են: Հերոսներից մեկը գրպանահատ է, մյուսը՝ միջին քաղաքական սնոբ, մեկ այլ հերոսն աֆրիկյան սնոբ է, որը սովոր է լավ ապրել: «Խոստում» ֆիլմի հերոսն ամուսնանում է, հետո դավաճանում կնոջը, իսկ Հայոց ցեղասպանության ընթացքում հասկանում, որ պետք է փրկի իր շուրջն ապրող մարդկանց: Նման կերպարներն իրական կյանքում ևս կան: Իմ համոզմամբ՝ հերոսներ կան ցանկացած տեղում, նաև՝ Ղարաբաղում: Եթե գնայի այնտեղ, կգտնեի մի մարդու, որի մասին հնարավոր կլիներ գիրք գրել: Ֆիլմերով կարող եմ ամբողջ աշխարհին պատմել, թե ինչ է տեղի ունենում Ռուանդայում, բրիտանական բանտերում, Ղարաբաղում և այլ տեղերում»,-ընդգծում է նա:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը Թերի Ջորջը նկարահանել է 2016 թվականին: Կինոնկարում հանդես են եկել Օսկար Այզեկը, Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը և այլ անվանի դերասաններ։
Թերի Ջորջը հիշեցրեց, որ ֆիլմը կյանքի է կոչվել ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի հիմնադրամի ջանքերով:

«Կային մարդիկ, որոնք հույս ունեին, որ «Խոստումը» կարող է հայկական «Շինդլերի  ցուցակը» դառնալ: Մի շարք գործոններ խոչընդոտեցին դրան, սակայն այն լուրջ արձագանք գտավ, արժանացավ թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականների»,-շեշտում է ռեժիսորն ու ասում, որ սիրով է նկարահանել ֆիլմը՝ փորձելով հավերժացնել այն, ինչ կատարվել է:

Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկարի»։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկարի»: Մեծ ճանաչում ունեն հեղինակի  «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։

Թերի Ջորջի կինոնկարներում հանդես են եկել համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հելեն Միրենը, Դենիել Դեյ-Լյուիսը, Բրյուս Ուիլիսը, Քոլին Ֆարելը, Խոակին Ֆենիքսը և այլք։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


© 2009 ARMENPRESS.am