Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծանոթացել է Շիկահողի կարի արտադրամասի աշխատանքին

20:42, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելեց է Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։ Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին, և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։

Ըստ աղբյուրի՝ Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել արտադրամասում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ։

«Աննա Հակոբյանին հայտնեցին` Երևանից բերվող հումքով արտադրամասում կարում են համազգեստներ և կենցաղային պարագաներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության ու «Զանգեզուր կենսաոլորտային» համալիրի համար։

Վարչապետի տիկնոջը շրջայցի ընթացքում նվիրեցին արտադրամասում կարված պայուսակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Աննա Հակոբյանը Շիկահողի երկու հուշահամալիրներում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերի և Արցախյան ազատամարտի անհետ կորած և զոհված զինծառայողների հիշատակին։


© 2009 ARMENPRESS.am