Պաշտոնական արարողությամբ ազդարարվեց «Ապագա Հայկականի» համաժողովի մեկնարկը

19:31, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պաշտոնական արարողությամբ ազդարարվեց «Ապագա Հայկականի» համաժողովի և համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը: 

[gallery id= 66048]

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ի միջոցառմանը ներկայացվեցին համաժողովի նպատակները և դրա հիմքում ընկած քաղաքացիական ասամբլեայի մոդելի առանձնահատկությունները: Ներկայացվեց մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, ինչպես նաև հատուկ անդրադարձ  կատարվեց մայիսին Ստեփանակերտում կայացած Արցախյան ֆորումի արդյունքներին։

«Ապագա Հայկականի» առաջին համաժողովը՝«քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա, տեղի կունենա Երևանում՝ 2022 թվականի նոյեմբերին 11-13-ին։

«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն իր ողջույնի խոսքում նշեց,  որ «Ապագա Հայկականը» այսօր առաջարկում է մի ծրագիր, որը չունի նախադեպը հայության օժանդակության մեջ:

«Նոյեմբերին 11-13-ը 200 հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Համաժողովին նախորդելու են թեմատիկ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, որոնց մասնակցությունը բաց է լինելու բոլոր մասնագետների համար»,- ասաց նա։

Արտակ Ապիտոնյանը  ընդգծեց, որ նոյեմբերին կայանալիք առաջին համաժողովում քննարկելու են  «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» և «Բնակչության աճը»։ 

«Ապագա Հայկական» համաժողովին կարող են մասնակցել բոլորը՝ գրանցվելով futurearmenian.com/convention պաշտոնական կայքում:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am