Գագարինում հնչած կրակոցների դեպքը բացահայտվել է

18:51, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է Գագարինի բենզալցակայանի մոտ կրակոցներ արձակած 34-ամյա տղամարդը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։

Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի 27 և 34 բնակիչներ:

Նախնական տվյալներով՝ կրակոցներից առաջ Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչը շարունակվել էր Գագարինի բենզալցակայանի մոտ։ Այդ ընթացքում նրանք հրազեններից կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում 34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Հայտնաբերվել է նաև նրա ‹‹Range Rover›› մակնիշի ավտոմեքենան՝ կրակոցների հետքերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


© 2009 ARMENPRESS.am