Հիսուս Քրիստոսի արձանը կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

12:27, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախնական դրական գնահատական է տվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 7-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ արձանը կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Վարչապետը նշեց, որ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Կառավարություն:

«Կառավարության համապատասխան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Նախագծի վերաբերյալ մեր նախնական գնահատականը դրական է, որովհետև կարծում ենք, որ այն  բավական էական զբոսաշրջային հետաքրքրություն կբերի Հայաստանին: Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով»,-ասաց Փաշինյանը:

Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կառուցման նախագծի մասին հայտարարել էր 2022 թ-ի հունվարին: Ներկայացված 300-ից ավելի աշխատանքներից 7 օրվա ընթացքում ընտրվել են 12 լավագույնները, ապա, հանրային քվեարկության և Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի ընտրության արդյունքների համադրմամբ, հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը՝ իր նախագծով:


© 2009 ARMENPRESS.am