Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ է դուրս եկել

09:40, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալը մրցեց ԱՄՆ-ից Թեյլոր Ֆրիցի հետ: 4 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ 3:6, 7:5, 3:6, 7:5, 7:6 (10:4) հաշվով:

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը լինելու է ավստրալացի Նիկ Կիրյոսը։

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am