Մոտորանավակի շրջվելուց հետո ջրափրկարարները, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել մոտակա ափ

21:29, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին տեղեկություն է ստացվել, որ, հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է։

«Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին,որ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հավանական դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մոտորանավակ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սարքավորումների մասնագիտացված խումբը։

Պարզվել է, որ մոտորանավակը ուժեղ քամուց շրջվել է, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել են արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս բերելով նաև մոտորանավակը: Բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։


© 2009 ARMENPRESS.am