Երևանում հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել դուդուկահարների միջազգային փառատոն

16:18, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հաջորդ տարի նախատեսվում  է անցկացնել դուդուկահարների միջազգային փառատոն, որը կկրի «Ջիվան Գասպարյան» խորագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 6-ին Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողության ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ Ջիվան Գասպարյանի նվագը նաև աղոթք է: Իզուր չէր, որ նա հանրության կողմից  արժանացավ «Դուդուկի արքա» տիտղոսին: Եվ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել դուդուկահարների միջազգային փառատոն «Ջիվան Գասպարյան» խորագրով»,-ասաց նախարարը:

Փոխնախարար Արա Խզմալյանն էլ հավելեց, որ հիշատակի պահպանման ամենաճշգրիտ և ամենաարդյունավետ ճանապարհն այն կենդանի պահելն է: «Ջիվան Գասպարյանն այն  մարդն է, ով իր գիտակցական  ամբողջ կյանքը նվիրել է մեր ծիրանափողի՝ ամենաազգային գործիքի հանրայնացմանն ու միջազգայնացմանը: Ես կարծում եմ, որ նրա վաստակի ու անցած ուղու հանդեպ ամենամեծ գնահատականը կլինի հենց իր անվամբ դուդուկահարների միջազգային փառատոն ունենալը: Քանի որ դուդուկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, շատ կարևոր է, որ Հայաստանը ունենա միջազգային նախագիծ, որով պարբերաբար ամեն տարի կհաստատի այդ գործիքի սեփականատեր լինելը»,- ասաց Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ  փառատոնը Ջիվան Գասպարյանի անունով կոչելը ամենամեծ հատուցումը կլինի վարպետի կատարած գործին: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև այս գործիքի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը նպաստող համաժողովներ, քննարկումներ, հրատարակություններ և այլն:

Փոխնախարարը նշեց, որ փառատոնի գաղափարը ներկայացնում են առաջին անգամ: Այն կքննարկվի նաև վարպետի ընտանիքի անդամների հետ: 

[gallery id= 66041]

© 2009 ARMENPRESS.am