Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Ջիվան Գասպարյանի կիսանդրին

16:12, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, բացվեց նրա կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, նվագեց  կիսանդրու բացմանը՝ այդպիսով փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին, որը նաև իր վարպետն էր:

[gallery id= 66041]

Ջիվան Գասպարյան կրտսերն ասաց, որ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը:

«Պապս ասում էր՝ պետք է կա՛մ լավը լինել, կա՛մ չնվագել առհասարակ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Նրա վստահությունն ինձ ոգևորում էր, թևեր էր տալիս: Նա ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում: Պապս ասում էր, որ պանթեոնում թաղված շատ մեծերի հետ է հաղորդակցվել, ընկերություն արել: Այդտեղ հանգրվանել են մեծեր, որոնց հետ նաև ես եմ շփվելու պատիվն ունեցել»,-ասաց կրտսեր Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը, համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:

Քանդակի հեղինակն ընդգծեց, որ վարպետի քանդակի մյուս տարբերակը Գանձասարի Վանք գյուղում է տեղադրված:  «Ջիվանի հետ շփվելու ընթացքում, ավելի խորը ճանաչելով վարպետին, կարողացել եմ ամեն ինչ անել, որ իր կերպարին հարազատ մնա: Աշխատել եմ անել ամեն բան, որ կարողանամ  իսկական Ջիվանին մոտ արդյունք ստանամ»,- ասաց Ալեքսան Բաբայանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ վարպետը դուդուկի ձայնը բարձրացրել է այն մակարդակի, որ այսօր մենք բոլորս աշխարհի տարբեր անկյուններում հպարտությամբ նշում ենք, որ սա մեր ազգային գործիքն է:

Ջիվան Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, կյանքից հեռացել է 2021-ի հուլիսի 6-ին, ԱՄՆ-ում:

 


© 2009 ARMENPRESS.am