Քննարկեցինք 2 կարևորագույն նախագիծ, ընդդիմադիրները փողոցում չեն, ԱԺ-ում էլ չեն. Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմությանը

16:05, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է ընդդիմության գործելաոճին՝ շեշտելով, որ խորհրդարանում քննարկվել են Պաշտպանության մասին, Զինվորական ծառայության մասին օրենքների կարևորագույն նախագծեր, ինչին ևս չի մասնակցել ընդդիմությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:

«Կարող է թվալ, թե ընդդիմության մեր այս փնտրտուքը ժամանակավրեպ է, բայց  իրականում ես կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է»,-ասաց Ռուբինյանը:

Նա նշեց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկից ի վեր տարբեր թեմաներով նախագծերի քննարկման ժամանակ, որոնք չեն վերաբերել պաշտպանությանը և անվտանգությանը, ընդդիմադիր գործընկերները բողոքել են, հարց բարձրացրել, թե արդյոք ժամանա՞կ են գտել այդ նախագծերը քննարկելու:

«Բայց հիմա հենց նոր մենք քննարկեցինք  «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը. երկու կարևորագույն նախագիծ: Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն: Երբ իրենց հարցնում են, թե արդյոք վերադառնալո՞ւ են ԱԺ,  իրենք ասում են՝ վերադառնալու են իրենց օրակարգով: Լավ, ո՞րն է իրենց օրակարգը, եթե իրենց օրակարգը փողոցում չէ, այստեղ չէ, Պաշտպանության մասին օրենքի նախագիծը չէ, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը չէ, ո՞րն է իրենց օրակարգը»,-ասաց Ռուբինյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմադիրների օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել նրանց՝ վերջին օրերի հանրային ակտիվությամբ: «Իսկ իրենց  հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատներից հրաժարում: Հետևաբար, կարծում եմ՝ կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության  միակ օրակարգն ԱԺ-ից «գլխիկոր փախնելն է»,-կարծիք հայտնեց Ռուբինյանը:

ԱԺ-ում հուլիսի 6-ին արտահերթ նիստով քննարկված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան: Իսկ «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով, ի թիվս այլ փոփոխությունների, լրացումների, ամրագրվում է, որ  Գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:


© 2009 ARMENPRESS.am