Լոնդոնն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ արգելելով զենքի ներկրումն ու մի շարք ծառայությունների մատուցումը

13:53, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան փոփոխել է Բելառուսի դեմ գործող սահմանափակող միջոցների ցանկը՝ դրան ավելացնելով զենքի, պողպատի և երկաթի ապրանքների ներմուծման արգելքը, մետալուրգիական արտադրանքի հետ կապված միջնորդական ծառայությունները և այլ սահմանափակումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հուլիսի 5-ին բրիտանական կառավարությունը պարզաբանումներ է տվել, որում ասվում է, որ արգելելու է «զենքի, հարակից երկաթի և պողպատի արտադրանքի ներմուծումը»: Այն նաև արգելում է մետալուրգիական արտադրանքի և հանքային ռեսուրսների հետ կապված տեխնիկական աջակցության, ֆինանսական և միջնորդական ծառայությունների մատուցումը։

Բացի այդ, փոփոխությունը երկարացնում է «որոշ հանքային ապրանքների և կալիումի արգելքը»։

Փոփոխությունները կատարվել են 2022 թվականի հուլիսի 4-ին, իսկ հուլիսի 5-ից ուժի մեջ են մտել։

Փաստաթղթում նշվում է, որ արգելքը վերաբերում է այն ապրանքներին, որոնց ծագման վայրը Բելառուսն է կամ մատակարարվում է Բելառուսից։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե ապրանքների ուղղակի առաքման վայրը Բելառուսը չի եղել, սահմանափակումները դեռ կարող են կիրառվել։


© 2009 ARMENPRESS.am