Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով

11:49, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղելՍահմանադրության օրվա առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների
օրվա առթիվ:

Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է: Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը:


Պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր կողմից որդեգրված բարձր  արժեքներից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով,
հնարավորություններով և պարտականություններով: Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականը և երաշխիքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն»:


© 2009 ARMENPRESS.am