Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը. Վահագն Խաչատուրյան

11:10, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. 

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է: Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլև մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների և հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը:

Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրային ու մասնագիտական լայն շրջանակների ջանքերով, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ ու նաև մեր նորաստեղծ հանրապետության առարկայական փորձառնության արդյունքում ստեղծվեց մեր Սահմանադրությունը՝ որպես գրավական մեր երկրի կայացման ու ամրացման:

1995 թվականից ի վեր, մեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել՝ ընդհուպ մայր օրենքի արմատական փոփոխությունները, սակայն բոլոր դեպքերում Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը:

Ուստի Սահմանադրությունն ունի ոչ միայն վերացական գաղափարաբանական դերակատարություն, այլև զուտ առարկայան և գործառնական, քանի որ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները: Այս առումով Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է:

Սիրելի հայրենակիցներ շնորհավորհում եմ բոլորիս այս կարևոր տոնական օրվա կապակցությամբ>:


© 2009 ARMENPRESS.am